Զարեհ Սինանյանն այցելել է Վալանս
26 Փետրվարի 2024
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը` Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանի ուղեկցությամբ մեկնել է Վալանս։ Նրանց դիմավորել է Վալանսի քաղաքապետի տեղակալ Ժորժ Ռաստկլանը, որից հետո այցելել են Վալանսում Միսաք Մանուշյանի հուշարձան և ծաղկեպսակ զետեղել։
Այնուհետև Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Վալանսի քաղաքապետ, Օվերնյ֊ Ռոն֊Ալպ շրջանային խորհրդի փոխնախագահ Նիկոլա Դարագոնի հետ։
Հանդիպմանը Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու գործին մեծապես սատարելու և աջակցելու համար: Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել նաև Վալանսի հայկական համայնքին տարբեր հարցերում աջակցելու և սատարելու համար: Նա կարևորել է Իջևան-Վալանս քույր քաղաքների համագործակցությունը, որը սկսել է 1996 թվականին և գնալով զարգանում ու էլ ավելի է ամրապնդվում շնորհիվ քաղաքապետի գործադրած ջանքերի:
Ընդգծվել է 2023թ. Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպի շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և Սյունիքի մարզ, ինչպես նաև համագործակցության հուշագրի կնքումը, որը միտված է զարգացնելու համագործակցությունը մի շարք ոլորտներում:
Հանդիպումից հետո քաղաքապետարանում տեղի է ունեցել հատուկ ընդունելություն տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։