Մասնակցություն Մարսելում Միսաք Մանուշյանի հիշատակի արարողությանը
26 Փետրվարի 2024
Ֆրանսիա այցի շրջանակներում Մարսելում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի հիշատակին նվիրված միջոցառմանը, որին ներկա են գտնվել Բուշ֊Դյու֊Ռոն դեպարտամենտի նախագահ և Էքս-ան-Պրովանս մետրոպոլի նախագահ Մարտին Վասսալը, Մարսելի քաղաքապետ Բենոիտ Պայանը, սենատոր Ժերեմի Բակին, Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Մկրտչյանը, Հայազգի նախկին ռազմիկների միության նախագահ Ռոբերտ Ազիլազեանը, Ռեգիոնի, մետրոպոլիայի, քաղաքային իշխանությունների և Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչներ։
Գլխավոր հանձնակատարն իր ելույթում նշել է, որ այս օրերին Ֆրանսիայի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում տեղի են ունենում Միսաք Մանուշյանին և իր խմբին նվիրված հիշատակի միջոցառումներ, ինչն առնվազն հպարտություն է ներշնչում:
«Միսաք Մանուշյանը, հիրավի, բացառիկ է իր մարդկային տեսակով: Լինելով դիմադրության շարժման մարտիկ, աչքի է ընկել նաև հասարակական ու մշակութային ակտիվ գործունեությամբ: Նրա թողած ժառանգությունն ու ներդրումը բազմաբնույթ է, որով նա մեծ հետք է թողել թե՛ հայկական իրականության, թե՛ հայկական Սփյուռքի պատմության, թե´ Ֆրանսիայի պատմության ու տարեգրության մեջ՝ նվաճելով ոչ միայն հայերի, այլև ֆրանսիացիների և նրան ճանաչող առաջադեմ ու ազատատենչ մարդկության պատիվն ու հարգանքը»,-իր խոսքում նշել է Զարեհ Սինանյանը:
Այնուհետ Գլխավոր հանձնակատարը Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Մկրտչյանի հետ միասին ծաղկեպսակ է տեղադրել հուշարձանին։