Հայրենադարձները ծանոթացել են Հայաստանում աշխատանքի հնարավորություններին
05 Մարտի 2024
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում տեղի է ունեցել «Աշխատանքի հնարավորությունները ՀՀ-ում» խորագրով տեղեկատվական հանդիպում, որին մասնակցել են հայրենադարձներ ԱՄՆ-ից, Կանադայից, Գերմանիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Իրանից, Ուկրաինայից, Վրաստանից, Լիբանանից, Սիրիայից և այլ երկրներից։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության հարցերով պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը՝ ընդգծելով, որ նախաձեռնության նպատակն է հայրենադարձներին ներկայացնել պետական աջակցության ծրագրերն և ՀՀ աշխատաշուկայում մասնավոր ոլորտի հնարավորությունները, ինչպես նաև նպաստել հայրենադարձների և հավանական գործատուների միջև կապի ստեղծմանը։
Միջոցառմանը պետական աջակցության ծրագրերն են ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության գործատուների հետ համագործակցության և աշխատանքային միգրացիայի բաժնի պետ Հրայր Հակոբյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության նորարարության և ձեռնարկատիրության ազգային կենտրոնի ներկայացուցիչ Մարինա Եսայանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչ Մոնիկա Մաթևոսյանը։
Ներկաները ծանոթացել են նաև «staff.am» և «job.am» աշխատանքի որոնման առցանց հարթակների հնարավորություններին։
Հանդիպման մասնակից «job.am» աշխատանքի որոնման հարթակի հիմնադիր Լևոն Նալբանդյանի կարծիքով նման ձևաչափի հանդիպումները կարևոր են հայրենադարձների համար և հնարավորություն են ընձեռում ծանոթանալ հայաստանյան աշխատաշուկայի բոլոր նրբություններին։ Ըստ նրա՝ հայրենադարձների տարբեր մասնագիտական խմբեր պահանջված են այսօրվա հայաստանյան աշխատաշուկայում։
«Հայրենադարձները հեշտությամբ կարող են ինտեգրվել հայաստանյան աշխատաշուկայում։ Խոսքը վերաբերում է հատկապես այն մասնագետներին, ովքեր աշխատում են տեղակատվական տեխնոլոգիաների, մարքեթինգի և հարակից ոլորտներում։ Ֆինանսաբանկային ոլորտի աշխատողները գուցե որոշ դժվարությունների հանդիպեն՝ կապված լեզվական և այլ հարցերի հետ, բայց դա ևս հաղթահարելի է», - նշել է Լևոն Նալբանդյանը, ով տարիներ առաջ Հայաստան է վերադարձել ԱՄՆ-ից։
Հանդիպմանը որպես գործատուներ մասնակցել են «Յուքոմ», «Էկովիլ», «Զիգզագ» ընկերությունները, «Ինեկոբանկ»-ը, «Dream of Bjni» հանգստյան տունը, «Հեռուստատեսային և ռադիոհաղորդումների ցանց», «Երևանի գարեջուր», «ՆՅՈՒՊԼԱՍՏ» ընկերությունները, «Fabula» քովորքինգը, «Ազատ միտք» մասնավոր կրթական հաստատությունն ու «Քանոն» արհեստագործական դպրոցը։
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգից Հայաստան տեղափոխված Անուշ Խոդավերդին հանդիպմանը մասնակցել է հնարավոր գործատուների հետ կապ հաստատելու նպատակով։
«Ինձ հետաքրքրում է բիզնես ոլորտը, դիտարկում եմ ծրագրի ղեկավարի պաշտոնը։ Երեք տարի է՝ Հայաստանում եմ, մինչև օրս առցանց աշխատել եմ ամերիկյան կազմակերպության համար, հիմա դիտարկում եմ տեղական մակարդակում աշխատանքի հնարավորությունները», - նշել է Անուշ Խոդավերդին։
Հանդիպման ավարտին մասնակիցները հնարավորություն են ստացել նաև իրենց CV-ները ներկայացնել գործատուներին և անցնել նախնական հարցազրույցներ։