Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Շվեյցարիայում է

07 Մարտի 2024

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Շվեյցարիայում։ Ժնևի «Հակոբ Թոփալեան» հիմնադրամի հրավերով՝ մարտի 6-ին նա իրականացրել է Ժնևի Գրքի միջազգային ցուցահանդեսի հայկական տաղավարի պաշտոնական բացումը։ Արարողությանը ներկա են գտնվել Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, «Հակոբ Թոփալեան» հիմնադրամի նախագահ Վահե Գաբրաշը, Նիկոլա և Միշա Ազնավուրները, շվեյցարահայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ և հյուրեր։

Ողջունելով ներկաներին՝ Զարեհ Սինանյանը նշել է, որ գործելով 1986 թվականից՝ Ժնևի գրքի միջազգային փառատոնը իր մեծությամբ և կարևորությամբ դարձել է 2-րդը ֆրանկոֆոն աշխարհում և առաջինը Շվեյցարիայում։ «Այն յուրօրինակ հարթակ է, որտեղ ֆրանսախոս աշխարհի հազարավոր ընթերցողները, հարյուրավոր հեղինակները, հրատարակիչները, գրականասեր տարբեր սերունդներ հանդիպում են իրար և ներկայացնում իրենց գործերը, նորությունները, կիսվում փորձով և ինչու չէ, գործի դնում 21-րդ դարի ամենակարևոր զենքերից մեկը՝ փափուկ ուժը»,-ընդգծել է Գլխավոր հանձնակատարը։
 

Նա բարձր է գնահատել այն հանգամանքը, որ Հայաստանը, հայ գրականությունը, հայ պատմությունը և մշակույթն առանձին տաղավարով 2011 թվականից ներկայացվում են փառատոնի շրջանակներում՝ շնորհիվ գրասենյակի գործընկեր «Հակոբ Թոփալեան» հիմնադրամի։ «Սիրելի Վահե Գաբրաշ, շնորհակալ եմ Ձեզ՝ որպես հիմնադրամի նախագահ, այս միջազգային փառատոնում Հայաստանը ներկայանալի դարձնելու համար։ Սա մեզ համար պարզապես գրքի տաղավար չէ, սա վայր է, որտեղ մենք աշխարհի մի մասին հասանելի ենք դարձնում մեր պետությունը, պատմությունը, մեր ազգային ճանապարհը։ Իրապես, սա մեծ առաքելություն է, որը Դուք ստանձնել եք ի թիվս այն ահռելի հայանպաստ գործունեության, որ իրականացնում եք հայ համայնքում և Հայաստանում»-շեշտել է Զարեհ Սինանյանը։

Ելույթներով են հանդես եկել նաև Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, «Հակոբ Թոփալեան» հիմնադրամի նախագահ, շվեյցարիահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշը, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը, Բոլոնիայի համալսարանի դասախոս, արվեստի պատմության և արվեստի սոցիոլոգիայի դոկտոր Ալեն Նավարա-Նավասարդյանը։

Միջոցառման ընթացքում «Թոփալեան» դպրոցի սաները հանդես եկան ազնավուրյան կատարումներով՝ նվիրելով աշխարհահռչակ շանսոնյեի 100 ամյակին։

 

 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office