Հանդիպում Ժնևի հայ համայնքի հետ
11 Մարտի 2024
Շվեյցարիա այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ժնևի հայ համայնքի հիմնադրամների, կրթական, մշակութային, գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման մեկնարկին ողջույնի ելույթներով հանդես են եկել «Հակոբ Թոփալեան» հիմնադրամի նախագահ Վահե Գաբրաշը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիմնադրամի նախագահ Դանիել Փափազյանը, Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի նախագահ Մայք Բարոնյանը և այլք:
Հանդիպումը վարել է Բոլոնիայի համալսարանի դասախոս, արվեստի պատմության և արվեստի սոցիոլոգիայի դոկտոր Ալեն Նավարա-Նավասարդյանը:
Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է Հայաստան-սփյուռք գործակցության ուղղությունները, ռազմավարությունը, գրասենյակի ծրագրերը և այս տարի սեպտեմբերին կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովը:
Շուրջ 2 ժամ տևած հանդիպման ընթացքում ներկաների կողմից հնչած հարցերը վերաբերել են Հայաստանի անվտանգային խնդիրներին և արտաքին քաղաքականությանը, մարզերի զարգացմանը, Ազգային ժողովում սփյուռքի ներկայացվածությանը, սփյուռքում ուծացման վտանգներին, հայրենադարձությանը և հայրենադարձների ինտեգրման, ներդրումներին և այլ թեմաների:
Հանդիպման մշակութային հատվածում հնչել են կոմիտասյան կատարումներ:
Ժնև այցի ընթացքում Գլխավոր հանձնակատարն այցելել է նաև Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն և հանդիպել դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի հետ:
Զարեհ Սինանյանն առանձնազրույց է ունեցել նաև շվեյցարահայ գործարար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշի հետ: