Զարեհ Սինանյանը հանդիպել է «Մարզերի երեխաները մարզերում» կազմակերպության ներկայացուցիչների հետ
18 Մարտի 2024
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպում է ունեցել «Մարզերի երեխաները մարզերում» սոցիալ-կրթական հասարակական կազմակերպության տնօրեն Մայիս Մարգարյանի հետ։ Կազմակերպության առաքելությունն է ստեղծել աշխարհագրորեն ապակենտրոնացված, կրթված, համագործակցող առաջնորդներ, որոնց գործունեությունը կնպաստի Հայաստանի համաչափ զարգացմանը: Սոցիալ-կրթական ծրագրի միջոցով մարզերի երեխաները բազմազան կրթաժամանցային ակտիվությունների միջոցով ծանոթանում են Հայաստանի տարածքին, շփվում և ընկերանում իրենց հասակակիցների հետ, ստանում բազմոլորտ գիտելիքներ և հմտություններ և դրանք ներդնում տարբեր խնդիրներ լուծող նախագծերի իրականացման մեջ։
Գլխավոր հանձնակատարը բարձր է գնահատել կազմակերպության գործունեությունը և առաքելությունը մարզերում և նշել, որ գրասենյակը պատրաստակամ է շարունակել համագործակցությունը, որը ձևավորվել է անցած տարի իրականացված Ազգային երիտասարդական համաժողովի ընթացքում:
«Մեր նպատակն է մարզերում բնակվող երեխաներին տալ հնարավորություն բացահայտելու իրենց հայրենիքը և ստեղծել ընկերական ցանց, որը կնպաստի ապագա գործընկերային հարաբերությունների ձևավորմանն ու առաջխաղացմանը։
Ծրագիրը նպաստում է նաև երեխաների աշխարհայացքի ընդլայմանը և կրթամակարդակի բարձրացմանը` էքսկուրսիաների, ոչ ֆորմալ կրթության և այլ գործիքների միջոցով։ Կարևորում ենք պետական մտածողության զարգացումը և քաղաքացիական իրավագիտակցությունը, մարզաբնակ երեխաների շփման ակտիվացումը և կարողությունների բացահայտումը, որը նրանց մեծապես օգնում է կրթություն ստանալիս և աշխատանք գտնելիս»,-նշել է Մայիս Մարգարյանը: Նա նաև ընդգծել է, որ այս աշխատանքներում կարևոր է սփյուռքի մասնագիտական, գիտական, կրթական, մշակութային և ֆինանսական ներուժի ներգրավումը:
Հյուրերն ընդգծել են նաև, որ Ազգային երիտասարդական համաժողովի շրջանակներում ձեռք բերած կապերը և համագործակցությունները շարունակվում են մինչ օրս, և հույս հայտնել, որ գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերում և միջոցառումներում հետագայում ևս կունենան արդյունավետ ներգրավվածություն: