Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի հետ ստորագրվել է համագործակցության հուշագիր
19 Մարտի 2024
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:
Այն ստորագրել են Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը:
Հուշագրի կարևորում է Հայաստանի և աշխարհասփյուռ հայության միջև գործուն և ռազմավարական կապերի զարգացումը, պետություն-սփյուռք ներգրավվածության ապահովման անհրաժեշտությունը և սփյուռքի ներգրավվածությունն ապահովող գործընթացների ընդլայնումը: Հուշագրով մասնավորապես ամրագրվում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող սփյուռքահայ մասնագետների ներգրավման
«իԳործ» ծրագրի շրջանակներում հիմնադրամի հետ համագործակցության ուղղությունները:
«Հպարտությամբ պետք է նշեմ, որ մեր գրասենյակի «իԳործ» ծրագիրն առաջին պետական ծրագիրն է, որը բացել է Հայաստանի կառավարման համակարգի դռները սփյուռքահայ մասնագետների առջև: Այն արդեն 5-րդ անգամ պետական ֆինանսավորմամբ հյուրընկալում է 50 մասնագետի՝ ունենալով 200 մասնակից 30-ից ավելի երկրից: Նրանք իրենց հետ բերել են փորձ և գիտելիքներ, իրականացրել տասնյակ ծրագրեր: Կարևոր է նշել, որ մասնակիցների 72 տոկոսը ծրագրի ավարտից հետո հայրենադարձվելու որոշում է կայացրել: 2021 թվականից «իԳործ»-ի շրջանակներում մենք համագործակցում ենք Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի հետ, որի շնորհիվ ծրագրի շրջանավարտների մի մասը հնարավորություն է ստանում ևս մեկ տարի շարունակել իր աշխատանքը հայրենիքի պետական համակարգում»,-իր խոսքում նշել է Զարեհ Սինանյանը՝ կարևորելով պետություն-մասնավոր նմանատիպ գործակցությունը:
Ծրագրի ընդլայնման համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմիններում սփյուռքահայ մասնագետների ներգրավմանը: 2023 թվականին գրասենյակը, հիմնադրամի ֆինանսավորմամբ, մեկնարկել է «իԳործ»-ի՝ ՀՀ մարզերում սփյուռքահայ մասնագետների ներգրավման պիլոտային բաղադրիչը: