Զարեհ Սինանյանը հանդիպել է Հայաստանում Հունաստանի դեսպանին
20 Մարտի 2024
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին:
Ողջունելով դեսպանին՝ Գլխավոր հանձնակատարը նրան մաղթել է արդյունավետ աշխատանք և հաջողություններ՝ ի նպաստ մեր երկու եղբայրական երկրների հարաբերությունների և կապերի հզորացմանը:
Հանդիպման ընթացքում Գլխավոր հանձնակատարը դեսպանին է ներկայացրել գրասենյակի գործունեությունը և ծրագրերը: Քննարկվել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս սփյուռքի հարցերով եռակողմ հուշագրի շրջանակներում 2024 թվականին գրասենյակի կողմից նախատեսված աշխատանքները, ամփոփվել են նախորդ տարիների ընթացքում իրականացված ծրագրերը: Զարեհ Սինանյանը կարևորել է երեք երկրների սփյուռքների միջև սերտ համագործակցությունը համատեղ շահերի պաշտպանության, երիտասարդների միջև համագործակցության և փորձի փոխանակման տեսանկյունից:
Գլխավոր հանձնակատարը բարձր է գնահատել Հունաստանի պատվիրակության մասնակցությունը 2022 թվականին Երևանում կայացած Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովին և հույս հայտնել նրանց հյուրընկալել նաև այս աշնանը կայանալիք երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում: