Հանդիպում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ
06 Ապրիլի 2024
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։
Ողջունելով հյուրին՝ Գլխավոր հանձնակատարն ընդգծել է հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակն ու օր օրի ընդլայնվող երկխոսությունը՝ հիմնված հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության վրա։
Զարեհ Սինանյանն իր երախագիտություն է հայտնել ֆրանսիական կողմին փետրվարին Փարիզում կայացած Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունների՝ Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու խորհրդանշական արարողության կազմակերպման համար։
Կարևորելով հայ համայնքի դերակատարումը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում՝ Գլխավոր հանձնակատարը խոսել է Ֆրանսիայի հայ համայնքի հետ համագործակցության մասին, ներկայացրել Ֆրանսիայի տարբեր քաղաքներ կատարած իր այցերին ու դրանց շրջանակներում հայ համայնքների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումները։ Անդրադարձ է կատարվել նաև գրասենյակի ծրագրերին, որոնց ակտիվ մասնակցություն են ցուցաբերում ֆրանսիահայերը։
Կողմները զրույցի ընթացքում անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։