ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՔԱՅԼ ԴԵՊ ՏՈՒՆ» ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
04 Ապրիլի 2024
Ավարտվել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի 2024 թվականի հայտերի ընդունումը: Ծրագրին մասնակցելու համար դիմել են 13-18 տարեկան 1222 սփյուռքահայ պատանիներ 19 երկրներից՝ Ռուսաստան, Վրաստան, ԱՄՆ, Բելառուս, Բելգիա, Գերմանիա, Լեհաստա, Հունաստա, Սիրիա, Ֆրանսիա, Չեխիա, Իսպանիայից, Պորտուգալիա, Բրազիլիա, Մեծ Բրիտանիա, Էստոնիա, Լատվիա, Իռլանդիա, Կանադա։
Ծրագրին մասնակցելու համար կընտրվեն 600 պատանիներ՝ հաշվի առնելով ներկայացված մոտիվացիոն տեսանյութը և գրանցման ժամկետը։
Նպատակ ունենալով սփյուռքահայ պատանիների և երիտասարդների շրջանում պահպանել և զարգացնել ազգային ինքնությունը՝ 13-օրյա ճամբարային ծրագիրը ներառելու է հայոց լեզվի (արևելահայերեն, արևմտահայերեն), հայրենագիտության, ազգային երգ ու պարի դասընթացներ,
ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կրթական հաստատություններ, հանդիպումներ հասարակական, մշակույթի և արվեստի գործիչների հետ, մարզական և մշակութային միջոցառումներ:
Ծրագրի 13-օրյա ժամանակահատվածի բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը:
Հիշեցնենք, որ ծրագիրն այս տարի կանցկացվի 6 փուլով՝ հունիսի 3-ից օգոստոսի 24-ը: