Ավարտվել է հայրենադարձների համար հայերենի անվճար դասընթացի առաջին փուլը
17 Ապրիլի 2024
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում ավարտվել է 2024 թվականի հայերենի անվճար դասընթացների առաջին փուլը, որին մասնակցել է 62 հայրենադարձ 13 երկրից` Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Իրան, ԱՄՆ, Թուրքմենստան, Սիրիա, Լիբանան, Շվեյցարիա, Ղազախստան, Կանադա, Իսպանիա, Ֆրանսիա: Դասընթացի ավարտին մասնակիցներն անցել են թեստավորում և ստացել վկայականներ:
Գրասենյակի հայրենադարձության հարցերով պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը նշել է, որ արդեն երեք տարի է, ինչ իրականացվում են հայերենի անվճար դասընթացները՝ ունենալով 537 մասնակից։ Դասընթացների նպատակն է հնարավորություն ընձեռել հայրենադարձներին բարելավելու մայրենիի իմացությունը հայրենիքում իտեգրման գործընթացն առավել սահուն դարձնելու համար:
Դասընթացներն անցկացվել են M.A.M կրթական հարթակի հետ համատեղ: «Պետական համակարգի հետ այս ձևաչափով մեր առաջին համագործակցությունն է: Մենք մեծ պատասխանատվությամբ ենք մոտեցել այս աշխատանքին։ Դասընթացի համար մշակվել է հատուկ գրականություն՝ նոր մեթոդների կիրառմամբ: Անցկացվել է 30 դաս»,- ընդգծել է M.A.M առցանց կրթական հարթակի հիմնադիր Մարինե Ղազարյանը։
«Շատ ուրախ եմ, որ կարողանում եմ հայերեն սովորել։ Ցանկանում եմ մշտապես տեղափոխվել Հայաստան և մնալ այստեղ, ինչն անհնար է առանց լեզվի իմացության։ Ես շատ շնորհակալ եմ այս հնարավորության համար»,- նշել է ռուսաստանահայ Էրիկ Խալաֆյանը։
Հայոց լեզվի անվճար դասընթացի երկրորդ փուլը կմեկնարկի ապրիլի 22-ից։