Գլխավոր հանձնակատարն այցով Ստրասբուրգում
29 Ապրիլի 2024
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է Ֆրանսիայի Գրանդ Էստ մարզի «Հայկական սփյուռք» ասոցիացիայի կողմից կազմակերպված հայկական պոեզիայի և երաժշտության համերգին, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին։
Միջոցառմանը մասնակցել են նաև Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը, Գրանդ էստ ռեգիոնի և Ստրասբուրգի քաղաքային խորհրդի անդամներ, ինչպես նաև շուրջ 250 ֆրանսիացիներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։
Գլխավոր հանձնակատարը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասվել է. «Ստրաբուրգի Նֆ եկեղեցին, որտեղ մենք այսօր հավաքվել ենք, խորհրդանշական է մեզ համար, քանի որ 1940-1945 թթ. հենց այս եկեղեցում է ծառայել հոգևոր հովիվ Փոլ Էմիլ Բերրոն, ում ջանքերի շնորհիվ ձեռնարկվել են բազմաթիվ ծրագրեր՝ Օսմանյան իշխանությունների կողմից իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից փրկված հայերին օգնելու համար:
Ֆրանսիան և ֆրանսիացի ժողովուրդն իր լայն դռներն են բացել Ցեղասպանությունից մազապուրծ տասնյակ հազարավոր հայերի առջև՝ թույլ տալով նրանց հաստատվել երկրում, ապրել, արարել, պահպանել ինքնությունն ու զարգացնել իրենց մշակույթը և, միաժամանակ, կարևոր նպաստը բերել Ֆրանսիային, ինչպես նաև երկու երկրների ու ժողովուրդների բարեկամությանը»: