Հանդիպումներ Նանսիում
29 Ապրիլի 2024
Ֆրանսիա այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Նանսիում տեղադրված հայկական խաչքարի մոտ մասնակցել է Գրանդ Էսթի հայկական ասոցացիայի կողմից կազմակեպված միջոցառմանը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 109֊րդ տարելիցին։
Միջոցառմանը մասնակցել են նաև Եվրախորհրդարանի պատգամավոր Նադին Մորանոն, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Էմանուել Լակրեսը, սենատոր Սիլվանա Սիլվանին, Մողտե Մոսելի Դեպարտամենտի խորհրդի նախագահ Շենես Խիրունին, Գրանդ էստ ռեգիոնի խորհրդի 1-ին փոխնախագահ Վալերի Դեբորդը, Լաքսուի քաղաքապետ Լորան Գարսիան, Նանսիի փոխքաղաքապետ Անտուան Լը Սոլլեոզը, Նանսիում LICRA-ի նախագահ Ֆրանկ Պորտերատը, տարածքային ինքնակառավարման մամինների ներկայացուցիչներ, ֆրանսիացիներ, Նանսիի և շրջակա քաղաքների հայ համայնքների ներկայացուցիչներ։
Իր ելույթում Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի կառավարությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին Հայաստանին և հայ ժողովրդին մշտապես աջակցելու համար:
«Շնորհակալ եմ նաև Նանսիի և շրջակա հայկական համայնքներից այստեղ ժամանած իմ սիրելի հայրենակիցներին, ովքեր ապրում են Ֆրանսիայում որպես օրինապաշտ ու հոգով հպարտ քաղաքացիներ՝ իրենց նպաստը բերելով մեր երկու երկրների ու ժողովուրդների բարեկամությանը, հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը»,-ընդգծել է Գլխավոր հանձնակատարը, այնուհետ
Գրանդ էսթի «Հայկական սփյուռք» և «Արև» ասոցացիաների ղեկավարների հետ միասին ծաղկեպսակ խոնարհել խաչքարին։
Նույն օրը Գլխավոր հանձնակատարը Գրանդ Էսթի «Հայկական սփյուռք» ասոցացիայի ղեկավար Անդրե Ներսիեի ուղեկցությամբ այցելել է Լաքսու քաղաքում գտնվող հայկական խաչքար, հանդիպել քաղաքապետ Լորան Գարսիայի հետ։
Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին հայ համայնքին ցուցաբերվող շարունակական աջակցության համար։
Գլխավոր հանձնակատարը կարճ հանդիպում է ունեցել նաև Ֆրանսիայի Սենատի անդամ, Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Օլիվյե Ժակինի հետ։