Հայրենադարձության շաբաթ

22 Մայիսի 2024

Մայիսի 27-ից 31-ը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը մեկնարկում է «Հայրենադարձության շաբաթ» խորագրով միջոցառումների շարքը:

«Հայրենադարձության շաբաթն» անցկացվում է երկրորդ անգամ «Հայաստան-տունը սպասում է քեզ» կարգախոսի ներքո՝ նպատակ ունենալով նպաստել հայրենադարձության գործընթացների վերաբերյալ տեղեկատվության տարածմանը, հայրենադարձների ինտեգրման հնարավորությունների ներկայացմանը, գործընթացի շրջանակներում առկա հարցերի քննարկմանն ու հայրենադարձության օրակարգի խթանմանը:

Շաբաթվա ընթացքում կանցկացվեն մի շարք միջոցառումներ պետական և մասնավոր կառույցների ներկայացուցիչների, ոլորտի փորձագետների և տարբեր երկրներից Հայաստան մշտական բնակության  տեղափոխված մեր հայրենակիցների մասնակցությամբ։

Միջոցառումների շարքում են հայրենադարձության  թեմայով փորձագիտական կլոր-սեղան քննարկումը, ԵՊՀ դասախոս,  պատմական գիտ․ թեկնածու Հայկ Ենգիբարյանի  «Մեծ հայրենադարձությունը և հայ եկեղեցին» գրքի շնորհանդեսը, էկոլոգիապես մաքուր կենսակերպի, հասարակական կազմակերպությունների գործունեության, սոցիալական մեդիա մարկետինգի և խոսքի մշակույթի վերաբերյալ աշխատաժողովները, խորհրդատվական առցանց և անցանց հանդիպումները, հայրենադարձ դպրոցականների մասնակցությամբ շախմատի սիրողական մրցաշարն ու վերապատրաստմանն ուղղված նոր ծրագրերի մեկնարկը։ Նախատեսված են նաև տարատեսակ մշակութային հավաքներ, այդ թվում՝ այցելություններ տարբեր թանգարաններ և մշակութային ժամանցի այլ վայրեր։

Միջոցառումներն անցկացնվելու են ինչպես հայերենով, ռուսերենով և անգլերենով։

«Հայրենադարձության շաբաթվա» օրակարգին, ինչպես նաև բոլոր միջոցառումների մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3WJGzj4։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office