Սփյուռքի երիտասարդ դեսպանների նվաճումները
23 Մայիսի 2024
«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներն իրենց համայնքներում ակտիվ երիտասարդներն են:
Ծրագրի շրջանակներում և դրանից հետո նրանք շարունակում են իրենց գործունեությունը՝ ձեռք բերված տեղեկատվությամբ կիսվելով համայնքում, ստացված գիտելիքն ու փորձը ներդնելով իրենց աշխատանքներում, զորացնելով կապը հայրենիքի հետ:
Այդ աշխատանքի արդյունքում նրանք գնահատանքի են արժանանում համայնքի կողմից, ունենում են նաև կարգավիճակի փոփոխություն, ինչն էլ ավելի է մեծանում նրանց պատասխանատվությունը համայնքում և գործունեության շրջանակները: Սրա մասին խոսելու առիթն են ստեղծել 2023-2024 թթ. «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներից չորսը. Աստղիկ Անտոնյանը՝ Գերմանիայից, ընտրվել է Ֆրանկֆուրտում գործող «Միասին» երիտասարդական միության փոխնախագահ, Մանե Հովակիմյանը՝ Ռուսաստանից՝ Սանկտ Պետերբուրգի Հայ Առաքելական եկեղեցու «Նոր սերունդ» երիտասարդական միության նախագահ, Էմիլ Պետրոսյանը՝ Իսպանիայից, նշանակվել է Սևիլիայի «Էրեբունի» հայ համայնքի փոխնախագահ, Նաիրա Բաղդասարյանը՝ դարձյալ Ռուսաստանից՝ Պենզայի տարածաշրջանային հայկական ազգային-մշակութային ինքնավարության երիտասարդական խորհրդի նախագահ:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը շնորհավորում է իր երիտասարդ գործընկերներին և մաղթում հաջող ու արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ համայնքի ակտիվացման և Հայաստան-Սփյուռք գործակցության ամրապնդման: