«Հայրենադարձության արդի հիմնահարցերը» թեմայով կլոր-սեղան քննարկում
27 Մայիսի 2024
Երևանում մեկնարկել է «Հայրենադարձության շաբաթ» խորագրով միջոցառումների շարքը։ Հայրենադարձության խթանմանն ու հայրենիքում առկա ինտեգրման հնարավորությունների ներկայացմանն ուղղված շաբաթն անցկացվում է «Հայաստան-տունը սպասում է քեզ» կարգախոսի ներքո։
Շաբաթվա շրջանակում մայիսի 27-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել կլոր-սեղան քննարկում «Հայրենադարձության արդի հիմնահարցերը» թեմայով՝ ՀՀ Ազգային ժողովի, Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության, պատմության, ազգագրության ինստիտուտների, Երևանի պետական համալսարանի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի, Ազգային արխիվի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Միջոցառմանը ներկաներին ողջունել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Գլխավոր հանձնակատարն իր խոսքում անդրադարձել է հայրենադարձության արդի միտումներին և այս համատեքստում գրասենյակի առաջնահերթություններին։
«Մեծապես կարևորելով հայրենադարձության խթանումը և հաշվի առնելով առկա միտումները՝ նախորդ տարի մենք Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նախաձեռնեցինք Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի բացումը։ Այսօր արդեն կենտրոնը մասնագիտացված աջակցություն է ցուցաբերում տարբեր երկրներից մշտական բնակության նպատակով Հայաստան տեղափոխված կամ տեղափոխության գործընթացում գտնվող մեր հայրենակիցներին։ Հետագայում մենք մտադիր ենք նաև ընդլայնել Հայաստանում մշտական ապրել ցանկացող սփյուռքահայերի աջակցման ծրագրերը», - նշել է Զարեհ Սինանյանը։
Միջոցառմանը գրասենյակի հայրենադարձության հարցերով պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը ներկայացրել է Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի գործունեության ուղղությունները վերջին մեկ տարվա ընթացքում, անդրադարձել կենտրոն դիմող հայրենադարձների խնդիրներին և խոսել աջակցման ծրագրերի մասին։
Քննարկման առանցքային հարցերը վերաբերել են հայրենադարձության արդի միտումներին, Հայաստանում ինտեգրման և հայրենադարձների ներուժի ներգրավման հնարավորություններին, ինչպես նաև հայրենադարձության միջազգային փորձին։
«Հայրենադարձության շաբաթն» անցկացվում է մայիսի 27-ից 31-ը։ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի նախաձեռնությամբ շաբաթվա ընթացքում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում՝ հայրենադարձների մասնակցությամբ աշխատաժողովներ, խորհրդատվական առցանց և անցանց հանդիպումներ, հայրենադարձ դպրոցականների համար շախմատի սիրողական մրցաշար, վերապատրաստման ծրագրեր։