Տեղի է ունեցել «Մեծ հայրենադարձությունը և հայկական եկեղեցին» խորագրով գրքի շնորհանդեսը
29 Մայիսի 2024
Մայիսի 27-ին Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Հայկ Ենգիբարյանի «Մեծ հայրենադարձությունը և հայկական եկեղեցին» խորագրով գրքի շնորհանդեսը։
«Հայրենադարձության շաբաթվա» շրջանակներում կազմակերպված միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ով իր խոսքում կարևորել է հայրենադարձության փորձի ուսումնասիրության ուղղված շարունակական աշխատանքը։
«Մեծ հայրենադարձությանը, որը 20-րդ դարի հետպատերազմյան շրջանի առնցքային իրադարձություններից է, որի ուսումնասիրությունը մեծ կարևորություն ունի։ Պրն․ Ենգիբարյանի աշխատությունը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն առավել մանրամասն տեղեկանալ զանգվածային հայրենադարձության առանձնահատկությունների մասին, այլ նաև դիտարկել այն մեր օրերում ընթացող հայրենադարձության միտումների համատեքստում», - նշել է Գլխավոր հանձնակատարը։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, Սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանն ու գիտական, համալսարանական շրջանակների ներկայացուցիչներ։
Շնորհանդեսի ավարտին ելույթով հանդես է եկել հեղինակը՝ Հայկ Ենգիբարյանը, ով իր երախտագիտությունն է հայտնել միջոցառման կազմակերպման համար, խոսել իր կողմից կատարված ուսումնասիրության մասին և պատասխանել ներկաների հարցերին։
«Հայրենադարձության շաբաթն» անցկացվում է մայիսի 27-ից 31-ը։ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի նախաձեռնությամբ շաբաթվա ընթացքում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում՝ հայրենադարձների մասնակցությամբ աշխատաժողովներ, խորհրդատվական առցանց և անցանց հանդիպումներ, հայրենադարձ դպրոցականների համար շախմատի սիրողական մրցաշար, վերապատրաստման ծրագրեր։