Խորհրդատվություն հայրենադարձներ
30 Մայիսի 2024
Մայիսի 27-ից 31-ն անցկացվող «Հայրենադարձության շաբաթվա» շրջականում տեղի է ունեցել համագործակցության հուշագրի ստորագրում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և «Sovorir.IT» ընկերության միջև։
Հուշագիրը ստորագրել են գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանը և ընկերության գործադիր տնօրեն Մարտին Ղազարյանը։ Այն ամրագրում է «Հայաստան-Սփյուռք․ Vol․ 1» ծրագրի շրջանակներում համագործակցությունը, որը հնարավորություն է ընձեռում հայրենադարձներին մի շարք ուղղություններով մասնակցել ՏՏ ոլորտի անվճար դասընթացների։
Շաբաթվա շրջանակներում՝ մայիսի 29-ին, տեղի է ունեցել նաև «Repat Armenia» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված հայրենդադարձների համար կողմնորոշիչ հանդիպումը, որի ընթացքում տեղեկատվություն է տրամադրվել մի շարք հարցերի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիության կամ Հայաստանում կացության կարգավիճակի ձեռքբերման, աշխատանքի տեղավորման, սեփական բիզնեսի կազմակերպման գործընթացների, կրթական, առողջապահական և այլ հարցերի վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցել են հայրենադարձներ Ռուսաստանից, Իրանից, Սիրիայից, Լիբանանից, Ուկրաինայից, Վրաստանից և այլ երկրներից։
Տեղի է ունեցել նաև հայրենադարձության հարցերով տեղեկատվական առցանց հանդիպում Ռուսաստանի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Իրկուտսկ, Անապա քաղաքների հայ համայնքների ներկայացուցիչների և հայրենադարձվելու ցանկություն ունեցող հայրենակիցների հետ։ Հանդիպումը կազմակերպվել էր «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի Ռուսաստանի մասնակիցների աջակցությամբ։