Ամփոփվել է «Հայրենադարձության շաբաթը»
03 Հունիսի 2024
Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնն ամփոփել է «Հայրենադարձության շաբաթ» խորագրով միջոցառումների շարքը:
Միջոցառումների վերջին օրվա ընթացքում՝ մայիսի 31-ին, կենտրոն է այցելել Վրաստանից ժամանած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են եղել Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM) Վրաստանի ներկայացուցչության, Վրաստանի ԱԳՆ-ի Սփյուռքի հայրենակիցների և կազմակերպությունների հետ աշխատանքների վարչության և Ներքին տեղահանվածների հարցերով նախարարության ինտեգրման և վերաինտեգրման ծառայության ներկայացուցիչները։
Հանդիպմանը ներկայացվել է Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի գործունեությունը, քննարկվել են համագործակցության հարցեր:
Շաբաթվա ավարտին կազմակերպվել է հայրենադարձ երեխաների այցելություն Հայաստանի պատմության թանգարան և Ազգային պատկերասրահ: Կենտրոնի աշխատակիցները մասնակցել են նաև հայրենադարձ նկարիչ, քանդակագործ Սահակ Սահակյան թանգարանի բացմանը։
«Հայրենադարձության շաբաթը» եզրափակվել է կապերի հաստատման երեկոյով, որը տեղի է ունեցել Երևանի շամպայն գինիների գործարանում։ Շրջայցին մասնակցել են հայրենադարձներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Սիրիայից, Լիբանանից, Բրազիլիայից, Ավստրալիայից, Վրաստանից և այլ երկրներից: Նրանք շրջայց են կատարել գործարանում, ծանոթացել ստեղծման և հայկական շամպայմանի արտադրման պատմությանը:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի նախաձեռնած «Հայրենադարձության շաբաթվա» ընթացքում՝ մայիսի 27-ից 31-ը, կայացել են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ կլոր-սեղան քննարկումներ, մեծ հայրենադարձության թեմայով գրքի շնորհանդես, վարպետության դասընթացներ, առցանց և անցանց կողմնոշորիչ հանդիպում-խորհրդատվություններ, դպրոցահասակների համար շախմատի մրցաշար և այլն։ Միջոցառումներին մասնակցել են 250-ից ավելի հայրենադարձներ Արգենտինայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Լիբանանից, Սիրիայից, Իսրայելից, Ուկրաինայից և մի շարք այլ երկրներից։