Մեկնարկել է «Քայլ դեպի տուն» ծրագիրը
04 Հունիսի 2024
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Ծաղկաձորի «Գրողների տուն» հանգստյան տանը մեկնարկել է «Քայլ դեպի տուն» սփյուռքահայ պատանիների ուսումնաճանաչողական ծրագրի առաջին փուլը: Երկշաբաթյա ծրագիրն այս տարի անցկացվում է 6 փուլով՝ հյուրընկալելով 600 սփյուռքահայերի 19 երկրներից: Նպատակն է սփյուռքահայ պատանիների և երիտասարդների շրջանում ազգային ինքնության պահպանումը և զարգացումը, կապի ամրապնդումը հայրենիքի հետ:
Ծրագրի առաջին փուլն ունի 55 մասնակից Ռուսաստանից, Վրաստանից և Իռլանդիայից: Ողջունելով նրանց Հայաստանում՝ գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանն ընդգծել է, որ «Քայլ դեպի տունը» հնարավորություն է տալիս տեսնել և բացահայտել հայրենիքը բոլոր կողմերից: «13-օրյա ճամբարային ծրագիրը ներառում է հայոց լեզվի, հայրենագիտության, ազգային երգ ու պարի դասընթացներ, ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կրթական հաստատություններ, հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի և արվեստի գործիչների հետ, մարզական և մշակութային միջոցառումներ: Այս հագեցած օրերի ընթացքում դուք ոչ միայն նոր գիտելիքներ և հմտություններ, այլև լավ ընկերներ ձեռք կբերեք»,-նշել է Մուշեղ Ղուկասյանը:
Բացման արարողության ընթացքում մասնակիցները հանդես են եկել մշակութային կատարումներով:
Այս փուլի ընթացքում մասնակիցները կայցելեն Մատենադարան, կլինեն Օշականում, Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, Գառնիում, Գեղարդում, Գյումրիում, Հաղարծինի վանական համալիրում, Գոշավանքում, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սևանավանքում, հանդիպումներ կունենան Հայաստանի ամերիկյան համալսարանում, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, PicsArt-ում, ՀԲԸՄ վիրտուալ համալսարանում և այլուր: