Զարեհ Սինանյանը հանդիպել է ամերիկահայ հայտնի դերասան Ջո Մանգանելոյին

07 Հունիսի 2024

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է ամերիկահայ հայտնի դերասան Ջո Մանգանելոյին: Նա առաջին անգամ Հայաստանում  էր գտնվում «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) նախաձեռնությամբ: Մանգանիելլոյի մորական մեծ տատը վերապրել է Հայոց ցեղասպանությունը, երբ նրա ամուսինն ու յոթ երեխաները սպանվել են, իսկ նրա 8-րդ երեխան խեղդվել է Եփրատ գետում փախուստի ժամանակ: 

Գրասենյակում տեղի ունեցած այցի ընթացքում դերասանը նշել է, որ այցի շրջանակներում շրջագայել է Հայաստանում և տարբեր հանդիպումներ ունեցել: Նա ընդգծել է նաև իր պատրաստակամությունն առավել ակտիվ կապ ունենալ Հայաստանի հետ:

Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել Մանգանելոյին այցելության և իր արմատներին հավատարիմ մնալու համար և սիրով հրավիրել աշնանը կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովին:

Այցի ընթացքում Գլխավոր հանձնակատարի ուղեկցությամբ դերասանն այցելել է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծառ տնկել իր մեծ տատիկի անունով:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office