Գլխավոր հանձնակատարը հանդիպել է ֆրանսիական Մոնպելիե միջերկրական մետրոպոլիայի պատվիրակությանը
11 Հունիսի 2024
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հայաստանում գտնվող ֆրանսիական Մոնպելիե միջերկրական մետրոպոլիայի պատվիրակությանը՝ մետրոպոլիայի միջազգային հարաբերությունների գծով փոխնախագահ Քլեր Հարթի ղեկավարությամբ։
Պատվիրակության կազմում եմ գտնվել նաև մետրոպոլիայի ներկայացուցիչներ Քլեր Պիեկուչը և Կլեմենտին Պապան, Մոնպելիեի փաստաբանների պալատին կից գործող մարդու իրավունքների ինսիտուտի նախագահ Ամին Ֆարայը և ինստիտուտի փոխնախագահ, «BPCE» բանկային խմբի տնօրենների խորհրդի անդամ, «Renaissance Armenie» ասոցիացիայի նախագահ Նաիրա Զորոյանը, Գվինեայի արդարադատության նախկին նախարար Շեյկ Սակոն, ՄԱԿ-ի Լիբանանի հատուկ տրիբունալի (STL) պաշտպանության հարցերով գրասենյակի նախկին ղեկավար Դորոթե լը Ֆրապե Դյու Հելենը, Մոնպելիեի փաստաբանների միության նախկին նախագահ Լեատիտա Ժամբոն, փաստաբաններ Ասիա Բեսսա-Սուֆին, Սիլվի Դեկորը և Մոնպելիեում Սփյուռքի երիտասարդ դեսպան Գոհար Գալուստյանը։
Ողջունելով հյուրերին՝ Զարեհ Սինանյանը մեծապես կարևորել է տարբեր մակարդակներում Ֆրանսիայի հետ հարաբերությունների խորացումն ու ընդգծել այդ գործում հայ համայնքի առանցքային դերը։
«Ֆրանսիայի հայ համայնքը ամենաազդեցիկներից է աշխարհում։ Այն օրինակելի աշխատանք է իրականացնում հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման և երկու երկրների միջև կապերի ընդլայնման գործում», - նշել է Զարեհ Սինանյանը։
Իր հերթին Մոնպելիեի միջերկրական մետրոպոլիայի միջազգային հարաբերությունների գծով փոխնախագահ Քլեր Հարթը ընդգծել է, որ տեղի հայ համայնքն ակտիվ ներգրավվածություն ունի մետրոպոլիայի կյանքում և մեծապես նպաստում է դրա զարգացմանը։
«Մենք կարևորում ենք Հայաստանի և հայկական համայնքի հետ մեր հարաբերությունների զարգացումը։ Հայաստանը իսկապես ներկայացված է Մոնպելիեի սրտում։ Քաղաքի կենտրոնում տեղադրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, իսկ քաղաքապետերանի հարևանությամբ գործող պուրակը կրում է «Հայաստան» անվանումը», - նշել է Քլեր Հարթը։
Հանդիպմանը նա նաև խոսել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաք կատարած այցի մասին, որի շրջանակներում հանդիպել է տեղի ֆրանսերեն լեզվի ուսուցմամբ ավագ դպրոց սաներին, ինչպես նաև ծանոթացել սպորտային դպրոցի կարիքներին։
Հանդիպման շրջանակում առանցին անդրադարձ է կատարվել Մոնպելիեի փաստաբանների պալատին կից գործող Մարդու իրավունքների ինսիտուտի գործունեությանը, որի նախագահ Ամին Ֆարայը պատմել է Հայոց ցեղասպանության ու հայկական շահերի պաշտպանության թեմաներով կառույցի կողմից պարբերաբար իրականացվող գիտաժողովների և հումանիտար բնույթի նախաձեռնությունների մասին։
Ֆրանսիական պատվիրակության ներկայացուցիչները Գլխավոր հանձնակատարին հրավիրել են Մոնպելիե՝ տեղում հայ համայնքի գործունեությանը ծանոթանալու և համագործակցությունն ընդլայնելու նպատակով։