Զարեհ Սինանյանը հանդիպել է դեսպան Նինա Հաչիգյանի հետ
12 Հունիսի 2024
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի քաղաքային և նահանգային դիվանագիտության գծով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Նինա Հաչիգյանին, Հայաստանում ԱՄՆ դեսպանության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչներին։
Դեսպան Նինա Հաչիգյանը Հայաստանում է գտնվում ԱՄՆ-ի տարբեր նահանգների քաղաքապետների և այլ պաշտոնատար անձանց այցի շրջանակներում՝ քննարկելու Հայաստան-ԱՄՆ գործակցությանը և ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցեր։
Ողջունելով հյուրերին՝ Զարեհ Սինանյանն ընդծել է ԱՄՆ-ի հետ կապերի առավել խորացմանն ուղղված բազմամակարդակ շփումների և ջանքերի կարևորությունը, ինչպես նաև ողջունել պատվիրակության այցը Հայաստան։
«Ես մեծապես կարևորում եմ Հայաստանի և ԱՄՆ-ի տարբեր քաղաքների միջև բազմոլոտ կապերի զարգացումը, ինչպես նաև երկու երկրների քույր քաղաքների միջև գործուն մեխանիզմների զարգացումը։ Կարծում եմ, որ Հայաստան-ԱՄՆ համագործակցության հենց այս ձևաչափում իր առանձնահատուկ տեղն ունի Միացյալ Նահանգների հայ համայնքը», - ընդգծել է Զարեհ Սինանյանը։
Իր հերթին դեսպան Նինա Հաչիգյանն անդրադարձել է առաջիկա շաբաթվա ընթացքում նախատեսված միջոցառումներին՝ ԱՄՆ-ից ժամանած քաղաքապետների և հայաստանյան գործընկերների մասնակցությամբ, ինչպես նաև կարևորել երկու երկրների քաղաքային իշանությունների միջև նոր կապերի զարգացմանն ուղղված հնարավորությունը։
Քաղաքային դիվանագիտությանն առնչվող հարցերի համատեքստում Նինա Հաչիգյանը կիսվել է նաև Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքի փոխքաղաքապետի պաշտոնում իր ունեցած փորձով։