«իԳործ» ծրագրի մասնակիցների հանդիպումը ՀՀ վարչապետի հետ
19 Հունիսի 2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին:
Վարչապետը ողջունել է նրանց՝ ընդգծելով, որ նման հանդիպումները դարձել են ավանդական, որոնք հնարավորություն են տալիս քննարկելու նաև տարբեր հարցեր: Նիկոլ Փաշինյանը կարևորել է «իԳործ» ծրագիրը՝ նշելով, որ այն միակն է, որը սփյուռքի մեր հայրենակիցներին պետական համակարգի հետ կապելու փորձ է անում:
Նիկոլ Փաշինյանի նշել է, որ այսօր Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ, որոնք առաջին հերթին սոցիալ-հոգեբանական նշանակություն ունեն: «Դրանք մտածողության փոփոխություններ են, և կարծում եմ, որ այդ փոփոխություններն անխուսափելիորեն տեղի են ունենում և տեղի են ունենալու նաև սփյուռքում: Եվ շատ կարևոր է, որ մենք այս փոփոխվող մտածողությունը ճիշտ քարտեզագրենք: Դրա արդյունքում պիտի անխուսափելիորեն արձանագրենք, որ դրա կենտրոնում հայոց պետականությունն է` Հայաստանի Հանրապետությունը»,- նշել է վարչապետը:
Միաժամանակ, գործադիրի ղեկավարի համոզմամբ, «իԳործ» ծրագիրն ավելի է կարևորվում, որովհետև այն սփյուռքի մեր հայրենակիցներին հնարավորություն է տալիս Հայաստանը բոլոր դիտանկյուններից տեսնել՝ ստեղծելով օրգանական կապ Հայաստանի Հանրապետության և սփյուռքի միջև։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին բարձր գնահատականի համար և մանրամասներ ներկայացրել ծրագրի ընթացքի վերաբերյալ: Մասնավորապես նշվել է, որ 2023-2024 թվականներին ծրագրի 50 մասնակցից 7-ն արդեն իսկ ստացել է ՀՀ քաղաքացիություն և որոշել հիմնովին տեղափոխվել Հայաստան: Սինանյանի տեղեկացմամբ, վերջին երեք տարիների մասնակիցների 70 տոկոսը որոշել է ապագան կապել Հայաստանի հետ և տեղափոխվել հայրենիք:
«իԳործ» ծրագրի մասնակիցները շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը՝ երկրի պետական տարբեր գերատեսչություններում աշխատելու հնարավորության համար և ներկայացրել իրենց կողմից իրականացվող աշխատանքը, կիսվել տպավորություններով:
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերել են կիբեռանվտանգությանը, զբոսաշրջության, կրթության ոլորտներում կառավարության ծրագրերին, պետական կառավարման համակարգի գործունեության և այլ թեմաների: