Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Կալիֆոռնիայի ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանի սաներին
26 Հունիսի 2024
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Հայկական բարեգործական ընդհանուր միության Մանուկեան-Տեմիրճեան վարժարանի ավագ դպրոցի աշակերտներին, ովքեր այս օրերին ճանաչողական այցով գտնվում են Հայաստանում։
Ողջունելով ներկաներին՝ Զարեհ Սինանյանը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների ուսումնաճանաչողական այցերը հայրենիք, որոնք նպաստում են տեղում հայաստանյան իրականությանը ծանոթանալուն և հայրենիքի հետ ամուր կապեր ստեղծելուն։
Հանդիպման շրջանակում Զարեհ Սինանյանը ներկայացրել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեության հիմնական ուղղությունները, մասնավորապես, անդրադարձել «Քայլ դեպի տուն», «Սփյուռքի երիտասարդ դեսպան», «իԳործ», «ԴիասՊրո» ծրագրերին, երիտասարդական հաժողովներին և այլն:
Ամերիկահայ երիտասարդները հանդիպման ավարտին իրենց հարցերն են ուղղել Գլխավոր հանձնակատարին, որոնք վերաբերել են սփյուռքի երիտասարդական կառույցների հետ համագործակցությանը, Հայաստանում կրթության և զբաղվածության հնարավորություններին, ինչպես նաև հայրենադարձության միտումներին։