Հանդիպում «Փարոս» հիմնադրամի ներկայացուցիչների հետ
10 Հուլիսի 2024
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է «Փարոս» հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանի գլխավորությամբ: 1999 թվականից ԱՄՆ-ում գործող հիմնադրամի նպատակն է Հայաստանում իրականացնել մարդասիրական, կրթական, մշակութային զարգացման ծրագրեր և նպաստել Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը:
Ողջունելով հյուրերին՝ Զարեհ Սինանյանը կարևորել է «Փարոս»-ի հայրենանվեր գործունեությունը և համագործակցության կամքը:
Այնուհետ Փիթեր Աբաջյանը ներկայացրել է հիմնադրամի այս տարվա հայաստանյան ծրագրերը և աշխատանքի ուղղությունները: Նա անդրադարձ է կատարել «SERVICE Armenia» ծրագրին, որն այս տարի անցկացվում է հունիսի 23-ից հուլիսի 14-ը և նպատակ ունի 17-23 տարեկան սփյուռքահայ երիտասարդներին ծանոթանցել Հայաստանի կրթական միջավայրին: Փիթեր Աբաջյանը ներկայացրել է նաև հիմնադրամի առողջապահական նախաձեռնությունը, որի նպատակն է Հայաստանում զարգացնել կանխարգելիչ խնամքը և ուսուցում տրամադրել բուժանձնակազմներին:
Հիմնադրամի ներկայացուցիչները խոսել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տրամադրվող հոգեբանական, բնակարանային, կրթական և հումանիտար օգնության մասին:
Հանդիպման ավարտին անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում սփյուռքի բարեգործական կազմակերպությունների աշխատանքին և կառավարության հետ համագործակցությանը, ինչպես նաև Հայաստան-սփյուռք հարաբերություններին: