Գլխավոր հանձնակատարը հանդիպել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանի հետ

28 Օգոստոսի 2024

Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:

Ողջունելով հյուրին՝ Գլխավոր հանձնակատարն անդրադարձել է Հնդկաստանի հայ համայնքի պատմական նշանակությանն ու մեր օրերում համայնքի հետ համագործակցության հարցերին։

Զրույցի ընթացքում Զարեհ Սինանյանը զրուցակցին է ներկայացրել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեության հիմնական ուղղություններն ու ծրագրերը։ Առանձին անդրադարձ է կատարվել սեպտեմբերի 17-20-ը Երևանում կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովին, որին այս տարի մասնակցում են նաև գործընկեր երկրների սփյուռքի գծով պատասխանատու ներկայացուցիչները։

Իր հերթին ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանն անդրադարձել է Հնդկաստանի փորձին սփյուռքի և արտերկրում բնակվող հայրենակիցների հետ աշխատանքներում։

Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր՝ կարևորելով երկու երկրների սփյուռքի  հարցերով  լիազոր մարմինների միջև բազմակողմ համագործակցության զարգացումը։

 

 

 

 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office