Գլխավոր հանձնակատարը մասնակցել է զինվորների համար ՏՏ ուսուցման ծրագրին նվիրված բարեգործական միջոցառմանը
02 Սեպտեմբերի 2024
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մասնակցել է Կոմիտասի անվան ազգային քառյակի բարեգործական երեկոյին՝ նվիրված «Վիրավոր և հաշմանդամություն ունեցող զինվորների, կամավորականների, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանվածների համար տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման դասընթացներ» ծրագրի վերսկսմանը։
Ծրագիրը կրկին մեկնարկել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, «Զինապահ» զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի, «Զինվորի Տուն» ՀԿ-ի և «Մունք» տեխնոդպրոցի աջակցությամբ:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը միջոցառմանը հանդես է եկել ողջույնի խոսքով։
«Ինչպես գիտեք, ծրագիրը մեկնարկել էր դեռևս 2021 թվականին՝ հնարավորություն ընձեռելով 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած անձանց մասնակցել ՏՏ ուսուցման դասընթացներին, ստանալ համապատասխան գիտելիքներ ու հմտություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ կիրառելու համար: Պետք է նշեմ նաև, որ ծրագիրը հաջողությամբ իրականացվեց, և դասընթացներն ավարտած շուրջ երկու տասնյակ մասնակիցներից շատերն այժմ աշխատում են Հայաստանի տարբեր հաստատություններում», - նշել է Զարեհ Սինանյանը:
Միջոցառման շրջանակում ելույթներով հանդես են եկել նաև Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, «Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Միքայել Մինասյանն ու ՀԱԱՀ ռեկտորի պաշտոնակատար Հրաչյա Զաքոյանը։
Ուսուցման դասընթացները ներկայացվել են ծրագրի ղեկավար Արման Խալաթյանի կողմից։
Միջոցառմանը ներկա են եղել ՀԱԱՀ ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմը։