Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանում

11 Հոկրեմբերի 2024

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Ռուսաստանի այ իրավաբանների ասոցիացիայի հրավերով՝ նա մասնակցել է ասոցիացիայի տարեկան ընդհանուր ժողովին։

Ողջունելով հյուրերին՝ Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել ասոցիացիայի անդամներին կատարած աշխատանքի համար՝ ընդգծելով սփյուռքի մասնագիտական ներուժի համախմբման կարևորությունը:

Նույն օրը երեկոյան Գլխավոր հանձնակատարը մասնակցել է «Կռունկ. Կոմիտաս» մշակութային երեկոյին, որը կազմակերպվել էր Սանկտ Պետերբուրգի հայկական տարածաշրջանային երիտասարդական ասոցիացիայի կողմից: Լարային քառյակի կատարմամբ հնչել Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Առնո Բաբաջանյան և մեծանուն այլ հայերի ստեղծագործություններ։ Համերգն ուղեկցվել է Մարտիրոս Սարյանի կտավների անիմացիոն լուծումներով, ինչպես նաև երիտասարդ ակտիվիստների աշխատանքների ցուցադրությամբ:

Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունում առանձին հանդիպում է տեղի ունեցել համայնքի երիտասարդների հետ։ Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձևաչափով: Քննարկվել են հայապահպանությանը, հայ մշակույթի տարածմանը, Հայաստանում զինվորական ծառայությանը, ՀՀ քաղաքացիության ստացմանը, հայրենադարձությանն առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցել է գլխավոր հյուպատոսի պաշտոնակատար Ազա Գրիգորյանը։

Գլխավոր հանձնակատարը կարևորել է Սանկտ Պետերբուրգի երիտասարդության ակտիվ մասնակցությունը գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերին և միջոցառումներին և շարունակական համագործակցության հույս հայտնել:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office