Գլխավոր հանձնակատարն աշխատանքային այցով եղել է Մոսկվայում
14 Հոկրեմբերի 2024
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ռուսաստան կատարած այցի շրջանակներում այցելել է Մոսկվա։
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունում նա հանդիպում է ունեցել Հայ ուսանողական միության ներկայացուցիչների հետ, որի կազմում ընդգրկված են Մոսկվայի բարձրագույն ուսումնական հաստատությունների հայազգի ուսանողները։
Հանդիպման ընթացքում Զարեհ Սինանյանը ներկայացրել է գրասենյակի ծրագրերն ու նախաձեռնությունները, ապա հարցուպատասխանի ձևաչափով զրուցել երիտասարդների հետ։ Հարցերը հիմնականում առնչվել են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում կատարված փոփոխություններին և լրացումներին, Հայաստանի երիտասարդության հետ փոխգործակցության ձևաչափերին, ինչպես նաև Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների հետ համագործակցություններին:
Ուսանողները կարևորել են նաև սեպտեմբերի 17-20-ն անցկացված Համաշխարհային հայկական գագաթնաժողովը, որին նրանցից շատերը հնարավորություն են ունեցել մասնակցել։
Հանդիպման ավարտին Հայ ուսանողական միության նախաձեռնող թիմի ներկայացուցիչներ Գուրգեն Ավակյանը և Կարեն Սարդարյանը ներկայացրել են առաջիկա ծրագրերն ու առաջիկա անելիքները։