Զարեհ Սինանյանը հանդիպել է Ուրուգվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

05 Նոյեմբերի 2024

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում։

Մոնտեվիդեոյում Զարեհ Սինանյանն այցելել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Նուբարյան վարժարան, որի ղեկավարության ուղեկցությամբ շրջել է ուսումնական հաստատությունում և ծանոթացել կրթական ծրագրերին։

1976 թվականից գործող վարժարանի ղեկավարության հետ քննարկվել են նաև հայերենի ուսուցման և հայրենիքի հետ մշակութային ու հասարակական կապերի ապրանդմանն առնչվող հարցեր։

Վարժարանում կայացել է նաև Գլխավոր հանձնակատարի, Ուրուգվայում ՀԲԸՄ գրասենյակի ներկայացուցիչների և կառույցի երիտասարդական թևի անդամների հետ հանդիպումը, որի ընթացքում Զարեհ Սինանյանը ներկայացրել է գրասենյակի գործունեությունը և, մասնավորապես, սփյուռքահայ երիտասարդությանն ուղղված ծրագրերը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը։

Մոնտեվիդեոյում Զարեհ Սինայանն այցելել է նաև Հայ Առաքելական Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի և հանդիպում ունեցել է Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանի հետ։

Հնչակեան կուսակցության «Casa Armenia» կենտրոնում Զարեհ Սինանյանը հանդիպում է ունեցել կուսակցության ներկայացուցիչ Դիեգո Կարամանուկյանի և անդամների հետ։ Քննարկվել են համայնքին, հայերենի ուսուցմանը, ինքնության և մշակույթի պահպանմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Գլխավոր հանձնակատարը հյուրընկալվել է նաև Ուրուգվայի Հայկական ազգային կենտրոնում («Centro Nacional Armenio»), որտեղ ծանոթացել է կենտրոնին կից գործող մշակութային խմբակների գործունեությանը։

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունում Զարեհ Սինանյանը հանդիպում է ունեցել Մոնտեվիդեոյի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի գործունեության առանցքային ուղղություններն ու խոսել ընթացիկ ծրագրերում համայնքի ներգրավման հնարավորությունների մասին։Առանձին անդրադարձ է կատարվել Հայաստան-սփյուռք բազմակողմ համագործակցությանը։ Զարեհ Սինանյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերել են սփյուռքում ազգային ինքնության, մշակույթի պահպանման հարցերին, ինչպես նաև սփյուռքի հետ կապի ամրապնդմանն ու համագործակցության ձևաչափերին։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office