Զարեհ Սինանյանը հանդիպել է Բուենոս Այրեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
12 Նոյեմբերի 2024
Աշխատանքային այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Արգենտինայում ՀՀ դեսպանությունում հանդիպում է ունեցել Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատությունների (Instituciones Armenias de la República Argentina/ IARA) խորհրդի ներկայացուցիչների հետ։
Խորհրդի հետ հանդիպմանը, որին անդամակցում են Արգենտինայի տասնյակ հայկական համայնքային կառույցներ, Զարեհ Սինանյանը հանգամանալից անդրադարձ է կատարել գրասենյակի գործունեությանը, ներկայացրել հիմնական ուղղություններն ու ծրագրերը, խոսել հայկական սփյուռքի ներուժի ներգրավման հնարավորությունների, հայապահպանության ու հայրենադարձության մասին։
Հանդիպմանը տեղի ունեցած քննարկման առանցքային թեմաներն են եղել Արգենտինայի հայ համայնքի հետ բազմակողմ կապերի ամրապնդումն ու ներգրավվածությունը գրասենյակի ծրագրերում։
Բուենոս Այրեսում Զարեհ Սինանյանը և ՀԲԸՄ նախագահ Սեմ Սիմոնյանն այցելել են ՀԲԸՄ «Մարի Մանուկյան» վարժարան՝ մասնակցելով ուսումնական հաստատության 50-ամյակին նվիրված միջոցառմանը։ Գլխավոր հանձնակատարը ծանոթացել է նաև վարժարանի գործունեությանը և ղեկավարության հետ քննարկել ներկայիս մարտահրավերները։
Զարեհ Սինանյանը ներկա է գտնվել նաև Հայ-արգենտինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված ծառատունկին։