Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ 

04 Դեկտեմբերի 2024

Աշխատանքային այցով Կալիֆորնիայում գտնվող ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Լոս Անջելեսում մի շարք հանդիպումներ է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ 

Զարեհ Սինանյանը հանդիպել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) հայ ուսանողական միությունները համակարգող խորհրդի ղեկավար կազմի հետ։ Գլխավոր հանձնակատարը հանդիպմանը ներկայացրել է գրասենյակի գործունեությունն ու ծրագրերը, հայրենադարձությանը, սփյուռքի ներուժի ներգրավմանն ու սփյուռքի երիտասարդներին ուղղված նախաձեռնությունները։ Քննարկման առանցքում եղել են համայնքային կյանքում երիտասարդների մասնակցության հարցերն ու նրանց դերը Հայաստան-սփյուռք կապի ամրապնդման գործում։

Հայ կրթական հիմնարկության (Armenian Educational Foundation) վարչության ներկայացուցիչների  հետ հանդիպմանը քննարկվել են կառույցի բազմակողմ ծրագրերը՝ նպատակաուղղված գիտակրթական ոլորտում Հայաստանի կարողությունների ամրապնդմանն ու զարգացմանը։

Ամերիկահայ գործիչներ Ավո Թավիթյանի, Արա Թավիթյանի և Սիմոն Չէքմեջյանի հետ կայացած հանդիպմանը  քննարկվել են հայրենիքում իրականացվող ներդրումային նախաձեռնություններն ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային առողջապահության ոլորտներում։ 

Զարեհ Սինանյանը հանդիպել է նաև գրասենյակի կողմից իրականացվող «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներ  Վիգեն Անտունյանի և Վլադիմիր Հարությունյանի հետ՝ քննարկելով սփյուռքի երիտասարդ դեսպանների ցանցի ընդլայնմանն առնչվող հարցերը։

Կալիֆորնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ այլ հանդիպումների մանրամասները կներկայացնենք հաջորդ հրապարակումներում։

Նշենք, որ Գլխավոր հանձնակատարը Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ կունենա Կալիֆորնիայի, Նևադայի, Նյու Յորքի և Նյու Ջերսիի հայ համայնքների ներկայացուցիչների հետ։ 

 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office