Գլխավոր հանձնակատարի հանդիպումները ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում 

05 Դեկտեմբերի 2024

Շարունակվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Կալիֆորնիա։ 

Բրբանքում Զարեհ Սինանյանը հանդիպել է ԱՄՆ-ում Հայոց արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ՝ քննարկելով հայապահպանությանն ուղղված հարցեր։

Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) Արևմտյան շրջանային վարչության ատենապետ Ռաֆֆի Բալյանի և վարչության անդամների հետ հանդիպմանը քննարկվել են Հայաստան-սփյուռք համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Զարեհ Սինանյանը, կարևորելով սփյուռքում պետականակենտրոն մտածողության ամրապնդումը, զրուցակիցներին ներկայացրել է գրասենյակի կողմից իրականացվող նախաձեռնություններն՝ նպատակաուղղված սփյուռքի հետ նպատակային երկխոսության զարգացմանը։ 

Գլխավոր հանձնակատարը հանդիպել է նաև ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Ջ. Պորտանտինոյի հետ։ Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել սենատորին այս տարվա սեպտեմբերին Երևանում կայացած երկրորդ Համաշխարհային հայկական գագաթնաժողովին մասնակցելու համար։ Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։   

Կալիֆորնիայի Փասադենա քաղաքում Գլխավոր հանձնակատարը հանդիպում է ունեցել Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհրդի անդամների հետ՝ ընդգրկուն քննարկում ունենալով Հայաստան-սփյուռք համագործակցության առանցքային հարցերի շուրջ։

Նշենք, որ Զարեհ Սինանյանն Միացյալ Նահանգներ այցի շրջանակներում հանդիպումներ կունենա նաև Նևադայի, Յուտայի, Նյու Յորքի և Նյու Ջերսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office