Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Յուտայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
10 Դեկտեմբերի 2024
Շարունակվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի այցը Միացյալ Նահանգներ։
Յուտա նահանգի մայրաքաղաք Սոլթ Լեյք Սիթիում Զարեհ Սինանյանն այցելել է հայկական շաբաթօրյա դպրոց՝ հանդիպելով դպրոցի ղեկավար կազմի և աշակերտների հետ, ինչպես նաև ծանոթանալով ուսումնական հաստատության գործունեությանը։
Գլխավոր հանձնակատարը հանդիպել է նաև նահանգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել Սոլթ Լեյք Սիթիի հայ համայնքի հիմնադիրներից Օհաննես Մգրդիչյանը, Միրիամ Մքվեյնը և Յուտայի հայկական շաբաթօրյա դպրոցի աջակից, Յուտա նահանգում Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար Նարինե Սարկիսյանը։
Համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Զարեհ Սինանյանը ներկայացրել է գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերն և նախաձեռնությունները՝ նպատակաուղղված Հայաստանի և սփյուռքի միջև կապերի ամրապնդմանը։
Պատասխանելով ներկաների հարցերին՝ Գլխավոր հանձնակատարն անդրադարձել է սփյուռքի հետ առողջ երկխոսության շարունակելիությանը, գրասնեյակի կողմից իրականացվող գագաթնաժողովներին և մասնագիտական համաժողովներին ԱՄՆ-ի հայկական համայնքների մասնակցությանը, հայրենադարձության խթանմանն ուղղված նախաձեռնություններին և սփյուռքի երիտասարդների հետ ընթացող աշխատանքներին։
Մտքեր են փոխանակվել նաև գրասենյակի և համայնքի միջև գործուն համագործակցության ապահովման հարցերի վերաբերյալ։
Նշենք, որ ԱՄՆ կատարած այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատարն հանդիպել է Կալիֆորնիայի և Նևադայի հայ համայնքների ներկայացուցիչների հետ։ Առաջիկայում հանդիպումներ տեղի կունենան Նյու Յորքում և Նյու Ջերսիում բնակվող հայրենակիցների հետ։