Զարեհ Սինանյանը Փարիզում մասնակցել է Ֆրանսահայերի համաժողովին
16 Դեկտեմբերի 2024
Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Փարիզում մասնակցել է Ֆրանսահայերի համաժողովին։
Համաժողովը նախաձեռնել էին մի շարք համայնքային կառույցներ՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ սերտ համագործակցությամբ։
Ֆրանսահայ համայնքի և Հայաստանի միջև բազմոլորտ համագործակցության թեմայով քննարկմանը Զարեհ Սինանյանը հանդես է եկել որպես գլխավոր բանախոս։ Բանախոսների շարքում են եղել նաև արվեստի պատմության և սոցիոլոգիայի գիտությունների թեկնածու, «HYESTART» հիմնադրամի նախագահ Ալեն Նավարա-Նավասարդյանը, «Patrimonyа» ընկերության ղեկավար Տիգրան Եղիազարյանը և այլք։ Նիստը վարել է Ֆրանսիայի Վիեն քաղաքի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցը։
Փարիզում կայացած համաժողովի հիմնական թեմաները վերաբերել են 2024 թվականի սեպտեմբերին գրասենյակի կողմից կազմակերպված երկրորդ Համաշխարհային հայկական գագաթնաժողովի արդյունքների գնահատմանը, գրասենյակի և ֆրանսահայ համայնքի միջև համագործակցության զարգացմանը, օտարերկրյա պետություններում նշանակվող սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի ձևավորմանը, ինչպես նաև 2025 թվականին Ֆրանսիայում հայկական ուղղվածությամբ համաժողովների կազմակերպման հնարավորություններին։
Համաժողովի աշխատանքներին մասնակցել են Ֆրանսիայի շուրջ տասը քաղաքներից ժամանած ներկայացուցիչներ, այդ թվում՝ համայնքային կառույցների ղեկավարներ, անդամներ, ինչպես նաև համայնքներում ակտիվ գործունեություն ծավալող անհատներ։
Միջոցառման ամփոփոիչ ելույթով հանդես է եկել Համաժողովի գլխավոր կազմակերպիչ Ֆրանս֊հայկական խորհրդի նախագահ Դանիել Քյուրքչյանը։