Մեկնարկել է «ԴիասՊրո» մասնագիտական կամավորական ծրագրի հայտերի ընդունումը
14 Հունվարի 2025
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «ԴիասՊրո» մասնագիտական կամավորական ծրագրի հայտերի ընդունումը:
Ծրագիրը հնարավորություն է ընձեռում սփյուռքահայ մասնագետներին առցանց կամ առկա եղանակներով իրենց խորհրդատվական և փորձագիտական ներուժը ներդնել Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի զարգացման գործում:
Ծրագիրը նախաձեռնվել և մշակվել է՝ հաշվի առնելով հայրենիքի կառավարման համակարգում կամավորական հիմունքներով աշխատանքի պատրաստակամություն հայտնած սփյուռքի տարբեր մասնագիտական շրջանակների և Հայաստանի պետական համակարգի գերատեսչությունների պահանջարկը:
Սփյուռքի մասնագետների կողմից իրականացվող աշխատանքները ներառում են մասնագիտական խորհրդատվության տրամադրում, փորձի փոխանակում, դասընթացների անցկացում և այլ գործունեություն։
Ծրագրին դիմող մասնագետ-կամավորների ներգրավմանն առնչվող հարցերը համակարգում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը՝ մասնագետներին ընդունող պետական մարմինների հետ համագործակցությամբ:
ԴԻՄԵԼՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ
- Բարձրագույն կրթության առկայություն
- Ծրագրով նախատեսված մասնագիտական գործունեության կոնկրետ բնագավառում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ
Նշենք, որ հայերենի բավարար իմացությունը ցանկալի է։
2025 թվականին մասնագիտական աշխատանքի կատարման համար նախապատվություն է տրվում հետևյալ ուղղություններին․
- Նախագծերի կառավարում
- Թարգմանչական գործ (անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն և այլ լեզուներ)
- MS Office ծրագրերի կառավարում
- Գրաֆիկ դիզայն
ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄՆԵՐ
Հայտադիմումներն ընդունվում են 2025 թվականի հունվարի 14-ից մարտի 1-ը ներառյալ: Ընտրված թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու առցանց/առկա հարցազրույցների:
Ծրագրի պահանջներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի պաշտոնական կայքի «Ծրագրեր» բաժնում (http://diaspora.gov.am/hy/programs/39 )։
Հայտադիմումը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://shorturl.at/E5KnT։
*Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ծրագիրն ամբողջությամբ կրում է կամավորական բնույթ և չի նախատեսում վարձատրություն։
Հարցերի առկայության դեպքում կարող եք դիմել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ (էլ. փոստ՝ diaspro@gov.am, հեռ.`+374 10 515 522, +374 10 515 514):