Գլխավոր հանձնակատարի հանդիպումները Բելգիայի Թագավորությունում
16 Փետրվարի 2025
Բելգիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը փետրվարի 15-ին հանդիպումներ է ունեցել «Պողոսեան» և «Արսլանեան» հիմնադրամների ղեկավարների, ինչպես նաև «Նարեկ» կրթամշակութային կենտրոնի ղեկավարության և համայնքի հայ երիտասարդների հետ։
Բրյուսելում գտնվող «Պողոսեան» հիմնադրամում Գլխավոր հանձնակատարը հանդիպել է գործադիր տնօրեն Լումա Սալամեի հետ, շրջել հիմնադրամի ցուցահանդեսային սրահում և ծանոթացել հիմնադրամի գործունեությանը։
Նույն օրն Անտվերպենում, Զարեհ Սինանյանը հանդիպել է «Արսլանեան» հիմնադրամի հիմնադիր Անելգա Արսլանյանի հետ, քննարկել հիմնադրամի բարեգործական ծրագրերը և համագործակցության հետագա հնարավորությունները։
Օրվա ավարտին Գլխավոր հանձնակատարն այցելել է «Նարեկ» կրթամշակութային կենտրոնի Անտվերպենի մասնաճյուղ, որտեղ հանդիպել է կենտրոնի ղեկավար Արտակ Ժամհարյանի և համայնքի հայ երիտասարդների հետ։ Հանդիպման ընթացքում գլխավոր հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերը և պատասխանել ներկաների հարցերին։
Բոլոր հանդիպումների ընթացքում Զարեհ Սինանյանը կարևորել է Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդումը, հիմնադրամների և համայնքային կառույցների հետ համագործակցության խորացումն ու համատեղ նախաձեռնությունների իրականացումը։ Կողմերը ներկայացրել են իրենց ընթացիկ ծրագրերը և քննարկել փոխգործակցության նոր հնարավորությունները։
Գլխավոր հանձնակատարը հրավիրել է Բելգիայի հայ երիտասարդներին 2025 թվականի օգոստոսին մասնակցելու Ազգային երիտասարդական համաժողովին, որը երկրորդ անգամ կազմակերպվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից։