Զարեհ Սինանյանի աշխատանքային հանդիպումները Նիդերլանդների Թագավորության Ալմելո քաղաքում
20 Փետրվարի 2025
Փետրվարի 19-20-ը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Նիդերլանդների Թագավորության Ալմելո քաղաքում հանդիպել է Ալմելոյի քաղաքապետ Ռիչարդ Կորտելանդի, Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների, «Երևան» ակումբի և համայնքային այլ կառույցների ներկայացուցիչների հետ։
Զարեհ Սինանյանն Ալմելոյի քաղաքապետ Ռիչարդ Կորտելանդի հետ քննարկել է Էջմիածին և Ալմելո քույր քաղաքների միջև սերտ կապերի հաստատման և տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները։
Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին ջերմ ընդունելության, ինչպես նաև տեղի հայ համայնքի հետ սերտ համագործակցության համար։ Նա նշել է, որ Կորտելանդն ու Ալմելոյի քաղաքապետարանի ներկայացուցիչները սպասված հյուրեր են Հայաստանում։
Այցի շրջանակում Գլխավոր հանձնակատարը այցելել է Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցի, հանդիպել եկեղեցու խորհրդի ատենապետ Օնիկ Գելիջիի հետ և նրա ուղեկցությամբ այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր։
Զարեհ Սինանյանն այցելել է նաև Ալմելոյի «Երևան» ակումբ, հանդիպել ակումբի վարչության ղեկավար կազմի հետ, ծանոթացել կառույցի պատմությանը, գործունեությանն ու ընթացիկ աշխատանքներին։
Հանդիպմանը քննարկվել են Գլխավոր հանձնակատարի գրասենյակի և «Երևան» ակումբի միջև գործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։
Այցի ընթացքում Զարեհ Սինանյանը հանդիպել է նաև համայնքային այլ կառույցների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով Հայաստան-սփյուռք հարաբերությունների առաջնահերթությունները, տեսլականն ու գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերը։
Գլխավոր հանձնակատարը պատասխանել է համայնքի ներկայացուցիչների հարցերին, որոնք առնչվում էին Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև ՀՀ-ում անվտանգային, կրթական, մշակութային և մի շարք այլ ոլորտների։