Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է «Մանուշյանական շաբաթ» միջոցառումների շարքի փակման արարողությանը
18 Մարտի 2025
Մարտի 18-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է «Մանուշյանական շաբաթ» միջոցառումների շարքի փակման արարողությանը։ Նա հանդես է եկել պաշտոնական ելույթով՝ ընդգծելով Միսաք Մանուշյանի հերոսական կերպարը և նրա թողած ժառանգության կարևորությունը հայ ժողովրդի և միջազգային հանրության համար։
Իր խոսքում գլխավոր հանձնակատարը նշել է.
«Հպարտ եմ, որ Միսաք Մանուշյանն իմ հայրենակիցն է, ով ամենածանր պահին ընտրեց պայքարը՝ կյանքը նվիրելով ազատության և արդարության գործին։ Նրա կերպարն այսօր առավել քան երբևէ կարևոր է՝ որպես օրինակ մեր հասարակության, հատկապես երիտասարդության համար։ Վստահ եմ, որ նրա հիշատակը միշտ վառ կմնա և կլինի արիության, պայքարի ու հավերժական արժեքների խորհրդանիշ։ Հանձինս ներկա հյուրերի՝ շնորհակալություն եմ հայտնում նախագահ Մակրոնին, Ֆրանսիայի կառավարությանը և բոլոր նրանց, ովքեր աջակցել են Միսաք Մանուշյանի հիշատակի հավերժացմանը»։
«Մանուշյանական շաբաթ» միջոցառումների շարքը, որը մեկնարկել էր մարտի 14-ին, նպատակ ուներ վերաիմաստավորելու Միսաք Մանուշյանի ժառանգությունը, ընդգծելու նրա դերը համաշխարհային դիմադրության շարժման մեջ և խթանելու ֆրանսիական ու հայկական պատմամշակութային երկխոսությունը։ Միջոցառումների շրջանակում կազմակերպվել են թատերական ներկայացումներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ, վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ, որոնք անցկացվել են Երևանում և Արտաշատում։
Նախագիծն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանում Եվրոպական Միության ներկայացուցչության, ֆրանսիական Օվերն-Ռոն-Ալպեր տարածաշրջանի և Լիոնի քաղաքապետարանի աջակցությամբ՝ «ՍԱԹԷ-ԱԹՂԸ» թատերական միության և «ԱՐՏ-ԻՄԱԺ» մշակութային կազմակերպության կողմից։ Միջոցառումների աջակիցներն էին Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունը, Ֆրանսիական ինստիտուտը, ինչպես նաև մի շարք այլ միջազգային և տեղական կազմակերպություններ։
Միջոցառման շրջանակում ելույթներով հանդես են եկել նաև այլ պաշտոնատար անձինք, որոնք ևս մեկ անգամ ընդգծել են Մանուշյանի կերպարի համամարդկային նշանակությունը։
Միջոցառման փակումը ոչ միայն ամփոփեց «Մանուշյանական շաբաթ» ծրագիրը, այլև խորհրդանշեց Միսաք Մանուշյանի գաղափարների շարունակականությունն ու նրա հերոսական ուղու կարևորությունը ժամանակակից աշխարհում։