Զարեհ Սինանյանը Լոս Անջելեսում հանդիպել է մի շարք երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

10 Ապրիլի 2025

ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Լոս Անջելեսում հանդիպել է մի շարք երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում Սինանյանը ներկայացրել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությունն ու ծրագրերը՝ անդրադառնալով հայրենադարձության խթանմանը, սփյուռքի ներուժի ներգրավմանը, ինչպես նաև սփյուռքահայ երիտասարդությանը միտված նախաձեռնություններին։

Նա խոսել է նաև 2025 թվականի օգոստոսի 5-7-ը Երևանում կայանալիք Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի մասին՝ կարևորելով սփյուռքահայ երիտասարդների մասնակցությունը, որն առանցքային դեր ունի ինչպես համայնքային կյանքի ակտիվացման, այնպես էլ Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման գործում։

Երիտասարդները Գլխավոր հանձնակատարին են ներկայացրել իրենց հուզող հարցերը, որոնք հիմնականում վերաբերել են սփյուռքի ներուժի քարտեզագրմանը, առաջիկա համաժողովին տարբեր կազմակերպությունների մասնակցության հնարավոր ձևաչափերին, ինչպես նաև գրասենյակի ծրագրերին՝ հեռավար և առկա ձևաչափերով ներգրավված լինելու հնարավորություններին։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office