Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի հետ
11 Ապրիլի 2025
Ապրիլի 11-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ղազախստան հարաբերությունների խորացման հեռանկարները:
Զարեհ Սինանյանն իր խոսքում նշել է, որ Ղազախստանի հայ համայնքը ամենամեծերից է հետխորհրդային տարածքում և կարևոր դեր ունի երկու ժողովուրդների բարեկամության ու համագործակցության խորացման գործում։
Քննարկվել են Հայաստան-Ղազախստան հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ հումանիտար, մշակույթի, կրթության, երիտասարդության և մի շարք այլ ոլորտներում, մասնավորապես՝ Ղազախստանում հայ համայնքի ներգրավման , ինչպես նաև Սփյուռքում հայկական ինքնության պահպանման համատեքստում:
Ընդգծվել է երկկողմ այցերի, կրթական փոխանակումների, մշակութային միջոցառումների և սփյուռքյան կազմակերպությունների մասնակցությամբ համատեղ ծրագրերի կարևորությունը։
Դեսպան Իմանբաևն իր երախտագիտությունն է հայտնել Ղազախստանի հասարակական կյանքում հայկական համայնքի ակտիվ և կառուցողական դերի համար՝ ընդգծելով պատրաստակամությունն աջակցել այն նախաձեռնություններին, որոնք միտված են մշակութային կապերի և երկկողմ համագործակցության ամրապնդմանը։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են պահպանել երկու երկրների միջև շարունակական երկխոսությունը և համատեղ աշխատել նպատակային նախաձեռնությունների վրա՝ միտված հայ-ղազախական գործընկերության ամրապնդմանն ու խորացմանը։