Զարեհ Սինանյանը հանդիպել է Պլովդիվի հայ համայնքում ակտիվ գործունեություն իրականացնող մի շարք կառույցների ներկայացուցիչների հետ

18 Ապրիլի 2025

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի հայ համայնքում ակտիվ գործունեություն իրականացնող մի շարք կառույցների ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում Սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը։

Զարեհ Սինանյանը շրջայց է կատարել Պլովդիվի «Սուրբ Գևորգ» հայ առաքելական եկեղեցում և «Վիկտորիա և Գրիգոր Թութունջյան» վարժարանում, ծանոթացել համայնքում իրականացվող միջոցառումներին։

Հանդիպմանը քննարկվել են Պլովդիվի հայ համայնքին հուզող մի շարք հարցեր, այդ թվում՝ համայնքի երիտասարդության շրջանում Հայաստանի հետ կապերի խորացման, Պլովդիվի հայ համայնքում գործող կառույցների և Գրասենյակի միջև փոխգործակցության խորացման վերաբերյալ։

Գլխավոր հանձնակատարը հանգամանալից ներկայացրել է Գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերը, պատասխանել ներկաների հարցերին։

Զարեհ Սինանյանը բարձր է գնահատել Պլովդիվի հայ համայնքի կողմից իրականացվող հայապահպանության և Հայաստան–Սփյուռք կապերի խորացմանն ուղղված շարունակական ջանքերը և ընդգծել Գրասենյակի և ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ մշտապես հնարավորինս աջակցել նման նախաձեռնություններին։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office