Զարեհ Սինանյանը հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ

18 Ապրիլի 2025

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը:

Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է հյուրընկալել հայկական պատվիրակությանը հենց այս տարի, քանի որ Պլովդիվը 2025 թ․-ին ճանաչվել է Բուլղարիայի մշակույթի մայրաքաղաք:

Քաղաքապետն իր խոսքում նշել է, որ հայ համայնքն ունի մեծ դերակատարում քաղաքի մշակութային կյանքում և իր գործունեությամբ տարիներ ի վեր նպաստում է Պլովդիվի զարգացմանը՝ մշակույթի և այլ ոլորտներում:

Գլխավոր հանձնակատարն իր երախտագիտությունն է հայտնել ջերմ ընդունելության և տասնամյակներ շարունակ հայ համայնքին ցուցաբերված աջակցության համար:

«Որպես հայապահպանության կարևոր օղակ՝ մեզ համար անչափ կարևոր է համայնքային կենտրոնը, որին իր շարունակական աջակցությունն է ցուցաբերում Պլովդիվի քաղաքապետարանը», – նշել է Զարեհ Սինանյանը:

Կոստադին Դիմիտրովը Գլխավոր հանձնակատարին ներկայացրել է քաղաքի տնտեսական, մշակութային և զբոսաշրջային հնարավորությունները:

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները, մասնավորապես՝ տնտեսության և զբոսաշրջության ոլորտներում: Անդրադարձ է կատարվել նաև Երևան–Պլովդիվ ուղիղ չվերթների իրականացման հնարավորությանը:

Հանդիպման ավարտին Գլխավոր հանձնակատարը հրավիրել է Բուլղարիայի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը այցելել Հայաստան:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office