Զարեհ Սինանյանը հանդիպել է Winds of Armenia առագաստանավային ակումբի հիմնադիր-տնօրեն Արտաշես Դադայանին
06 Մայիսի 2025
Մայիսի 5-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը այցելել է Սևան քաղաք, որտեղ հանդիպել է Winds of Armenia առագաստանավային ակումբի հիմնադիր-տնօրեն Արտաշես Դադայանին։
Արտաշես Դադայանը Գլխավոր հանձնակատարին ներկայացրել է ակումբի ներկայիս գործունեությունը, ինչպես նաև խոսել առաջիկա ծրագրերի մասին՝ ընդգծելով 2025 թվականին նախատեսվող միջոցառումները, ներդրումային հնարավորությունները և նախագծի ռազմավարական նշանակությունը։
Ակումբն իրականացնում է առագաստանավերի վարման ուսուցման դասընթացներ, կազմակերպում է ակումբային և միջազգային մրցաշարեր, ինչպես նաև միջոցառումներ կորպորատիվ հաճախորդների համար։
Այդ միջոցառումներից առանձնանում է Հայաստանի առաջնությունը՝ անցկացվող J/70 դասում, որը կայանում է միջազգային չափանիշներին համապատասխան։
Այս տարի առաջնությունը կանցկացվի հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 17-ը՝ երկու փուլով։
Winds of Armenia նախագիծը նպատակ ունի զարգացնել առագաստանավային սպորտը Հայաստանում, խթանել ջրային սպորտաձևերի տարածումը և ձևավորել նոր մարզական ու զբոսաշրջային ենթամշակույթ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցության հնարավորությունները՝ նպատակ ունենալով ներգրավել Սփյուռքի ներուժը Հայաստանի մարզական և զբոսաշրջային կյանքում։