Գլխավոր հանձնակատարի աշխատանքային այցը Ֆրանսիա
07 Հուլիսի 2025
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում։
Հուլիսի 5-ին Փարիզում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ու «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի ղեկավար Լիլիթ Խաչատրյանը մասնակցել են «Եվրոպական-հայկական երիտասարդական համաժողովին»։
Համաժողովը կազմակերպվել էր «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներ Պետրոս Աստուրյանի և Սիլվա Սահակյանի նախաձեռնությամբ՝ Ֆրանսիայում գործող G2iA կազմակերպության հետ համատեղ։
Զարեհ Սինանյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ շեշտադրելով Հայաստան–Սփյուռք երկխոսության կենսական նշանակությունը։ Նա նշել է, որ մեր ժողովրդի զարգացումը պայմանավորված է այդ երկխոսության արդյունավետությամբ և շարունակականությամբ։
Գլխավոր հանձնակատարը կարևորել է ոչ միայն գաղափարական, այլև գործնական երկխոսությունը՝ հիմնված կոնկրետ նախաձեռնությունների և ծրագրերի վրա, որոնք ուղղված են առկա խնդիրների լուծմանը և նոր հնարավորությունների ստեղծմանը։
Զարեհ Սինանյանը վստահություն է հայտնել, որ համատեղ աշխատանքը կնպաստի մեր ազգային միասնության ամրապնդմանը և ինքնության պահպանմանը՝ նոր գլոբալ մարտահրավերների պայմաններում։
Համաժողովի ընթացքում «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի ղեկավար Լիլիթ Խաչատրյանը ներկայացրել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերը՝ մասնավորապես «Սփյուռքի երիտասարդ դեսպան», «իԳործ» և «ԴիասՊրո» նախաձեռնությունները։
Համաժողովի ընթացքում անցկացվել են մի շարք թեմատիկ պանելային քննարկումներ։
Համաժողովին ներկա են եղել նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը, իրավաբան և հայկական հարցի նվիրված պաշտպան Ֆրանսուա Դևեջյանը, Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետ Ջերեմի Ռեդլերը, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Խավիեր Բելամինը, Իլ-դը-Ֆրանս շրջանի փոխնախագահ և CHREDO-ի նախագահ Պատրիկ Քառամը և Փարիզի սենատոր, Փարիզի քաղաքային խորհրդում «Վաղվա Փարիզը» խմբի նախագահ Ֆրանսիզ Սպիզները։