Մեկնարկել է Ազգային երկրորդ երիտասարդական համաժողովը՝ «Միավորելով երիտասարդներին․ Հայաստան - սփյուռք»

05 Օգոստոսի 2025

Այսօր՝ օգոստոսի 5-ին, Մատենադարանի հարակից տարածքում մեկնարկել է Ազգային երկրորդ երիտասարդական համաժողովը՝ «Միավորելով երիտասարդներին․ Հայաստան - սփյուռք» խորագրով բարեգործական վազքարշավով։

Երիտասարդների հետ վազքարշավին մասնակցել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ իր ընտանիքի հետ։

Վազքարշավը կազմակերպվել էր «IMAST» և «reArmenia» բարեգործական հարթակների հետ համագործակցությամբ։

Միջոցառման հանդիսավոր բացման ժամանակ մասնակիցներին ողջունել են վազքարշավի գործընկեր կազմակերպությունների՝ «IMAST» հարթակի մարքեթինգի բաժնի ղեկավար Դավիթ Միքայելյանը և «reArmenia»-ի գործառնական տնօրեն Մարիամ Վարդանյանը, և ներկայացրել իրենց հարթակներում իրականացվող բարեգործական նախաձեռնությունները և վազքարշավի խորհրդանշական ու նպատակային նշանակությունը։

Մոտ 3 կմ երկարությամբ երթուղով՝ Մատենադարանից մինչև Ստեփան Շահումյանի անվան հրապարակ, խորհրդանշական վազքարշավն ազդարարեց եռօրյա համաժողովի մեկնարկը՝ ընդգծելով Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման, առողջ ապրելակերպի, ինչպես նաև բարեգործական նախաձեռնությունների մասին հանրային իրազեկվածության բարձրացման կարևորությունը։

Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի ժամ անց՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում և հարակից Անգլիական այգու տարածքում, կմեկնարկեն Ազգային երկրորդ երիտասարդական համաժողովի առաջին օրվա զուգահեռաբար ընթացող տարբեր ձևաչափերի քննարկումները։

Համաժողովի գլխավոր գործընկերն է Ֆասթ Բանկը։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office