Ավարտվել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի 2025 թվականի շրջափուլը

26 Օգոստոսի 2025

Ավարտվել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի 2025 թվականի շրջափուլը։

Ծրագրի 6-րդ փուլին մասնակցել են 81 պատանիներ աշխարհի 7 երկրներից։ Ընդհանուր առմամբ, ծրագրին մասնակցելու համար դիմել է 13-18 տարեկան 1400 պատանի՝ 27 երկրից, որոնցից միայն 600-ը հյուրընկալվել են հայրենիքում։

Ծրագրի փակման հանդիսավոր արարողությանը մասնակցել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ով շնորհավորել է պատանիներին Հայրենիքի և հայրենակիցների հետ ամուր ու սերտ կապեր հաստատելու, ինչպես նաև ծրագրին մասնակցելու կապակցությամբ։ Գլխավոր հանձնակատարն իր ելույթում կարևորել է նրանց պատրաստակամությունն ու ձգտումը՝ պահպանելու ազգային ինքնությունը և խորացնելու կապը հայրենիքի հետ։

Ծրագրի ընթացքում մասնակիցները ծանոթացել են Հայրենիքի պատմությանն ու մշակույթին, սովորել ազգային երգ ու պար, կատարելագործել հայոց լեզվի (արևելահայերեն և արևմտահայերեն) իմացությունը, այցելել Հայաստանի պատմամշակութային վայրեր ու թանգարաններ, մասնակցել մարզական և մշակութային միջոցառումների՝ ձեռք բերելով նոր ընկերներ և հիշողություններ։

Հիշեցնենք, որ ծրագրի հայաստանյան փուլի բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office