Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Կիպրոս

28 Օգոստոսի 2025

ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Կիպրոսի Հանրապետությունում էր:

Օգոստոսի 26-ին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում Զարեհ Սինանյանը մասնակցել է Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովի բացման արարողությանը:

Համաժողովի բացմանը ելույթներով հանդես են եկել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսը, ԿՀ Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն, ԿՀ ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսը, Հունաստանի ԱԳ նախարարի տեղակալ Իոաննիս Լովերդոսը, ԿՀ արքեպիսկոպոս Գերաշնորհ Տ․ Գեորգիոս Պապաքրիստոմուն և կիպրական սփյուռքի համաշխարհային կազմակերպությունների ( POMAK, NEPOMAK, PSEKA) ղեկավարները:

Գլխավոր հանձնակատարը համաժողովի շրջանակում կարճ հանդիպումներ է ունեցել Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտասահմանցի և հայրենադարձված կիպրացիների հարցերով ծառայության ղեկավար Թեոդորա Կոնստանտինիդուի և Հունաստանի ԱԳ նախարարի տեղակալ Իոաննիս Լովերդոսի հետ:

Կողմերը քննարկել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս սփյուռքի հարցերով համագործակցության հուշագրի շրջանակում աշխատանքներին վերաբերող հարցեր և անդրադարձել եռակողմ համագործակցության զարգացման հեռանկարներին:

Հիշեցնենք, որ 2022թ-ին ստորագրված եռակողմ հուշագրի շրջանակում Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի սփյուռքի հարցերով գերատեսչությունները համագործակցում են փորձի փոխանակման, միջհամայնքային գործակցության խթանման , կրթական և մշակութային համատեղ միջոցառումների և սփյուռքին առնչվող խնդիրների շուրջ ջանքերի համախմբման ուղղություններով:

Գլխավոր հանձնակատարն աշխատանքային այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել նաև Կիպրոսում բնակվող հայազգի և կիպրացի գործարարների հետ, ներկայացրել Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Գլխավոր հանձնակատարի աշխատանքային այցը Կիպրոս եզրափակվեց նախագահական պալատում՝ ԿՀ նախագահի անունից կազմակերպված ընդունելությանը մասնակցությամբ:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office