Զարեհ Սինանյանն ընդունել է ՀՀ-ում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին
03 Սեպտեմբերի 2025
Սեպտեմբերի 3-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է ՀՀ-ում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին:
Ողջունելով դեսպանին և շնորհավորելով ՀՀ-ում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ Զարեհ Սինանյանը հույս է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում՝ երկու երկրների համատեղ ջանքերով, Հայաստանի և Ուրուգվայի միջև հարաբերությունները կզարգանան և կընդլայնվեն՝ տնտեսության, զբոսաշրջության, կրթության, մշակույթի և մի շարք այլ ուղղություններով:
Գլխավոր հանձնակատարը և Սիլվանա Լեսկա Բարոլինին քննարկել են Ուրուգվայի հայ համայնքին, Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ճանաչելիության բարձրացմանը, երկկողմ առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը և համագործակցության ընդլայնման հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Զարեհ Սինանյանը նորանշանակ դեսպանին ներկայացրել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերը, հայտնել պատրաստակամություն՝ հանձնակատարների ինստիտուտի, երիտասարդ դեսպանների և գրասենյակի կողմից իրականացվող միջոցառումների և լիազորությունների շրջանակում հնարավորինս աջակցել դեսպանությանը և առաջ մղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունները:
Սիլվանա Լեսկա Բարոլինին բարձր է գնահատել Ուրուգվայում հայ համայնքի և ՀՀ դեսպանության հետ համագործակցությունը և վստահություն հայտնել, որ Հայաստանում իր պաշտոնավարմամբ կգործադրի բոլոր ջանքերը՝ փոխգործակցությունն ընդլայնելու և զարգացնելու համար: